Եթե խորհրդարանական համակարգի դեպքում Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալու հնարավորություն ունենար, կողմ կլիներ Սահմանադրական փոփոխություններին: Այսօր` նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ Սահմանադրական փոփոխություններից հետո: Համոզված եմ, որ եթե երկրորդ նախագահը տեսներ հնարավորություն` կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հաջողության հասնելու, ապա նա կողջուներ այս Սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել գերմանական գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը, որտեղ պատմել է, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, խոսել սահմանադրական հանրաքվեին իր վերաբերմունքի եւ ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին: Քոչարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին:





























