Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի վիճակը բավարար է, նա արդեն ապաքինվում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանության բաժանմունքից՝ նշելով, որ նա արդեն կարողանում է ինքնուրույն սնվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմանում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:

Լուսինե Ս.-ն երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել: Իսկ դեպքից առաջ սկանդալ է սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:

Կինը երկու տարի առաջ իր բնակարանում գողության դեպքից հետո նյարդային վիճակում է հայտնվել, պայքարում է, որպեսզի ոստիկանները բացահայտեն գողությունը:

Լուսինե Ս.-ի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքը որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում: