ՀՀ քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան ոտքի ելնել գործող կարգերի դեմ։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Քաղաքացիներն ի վիճակի չեն տնօրինել անգամ սեփական կյանքը։ Իշխանությունները նրանց նման հնարավորություն չեն տալիս։ 2016թ. պետբյուջեի նախագիծը հերթական անգամ նվազագույն օգնություն է սահմանում նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ միակ ելքը երկրի կյանքում համակարգային փոփոխությունների հասնելն է, որը հնարավոր է արտահերթ ընտրությունների միջոցով։ «Իսկ մինչ այդ ժամանակավոր Կառավարությունը պետք է արդար ընտրությունների երաշխիքներ տա։ Սակայն շարժման առաջնորդը չպետք է մեկը լինի։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդ լինի տեղում»,- հավելել է պատգամավորը։





























