Իտալիայի ոստիկանությունը նոյեմբերի 20-ին մաֆիայի դեմ հաջող գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոյի դեմ մահափորձ պլանավորող «Կոզա նոստրա»-ի 6 առաջնորդ։ Խոսքը Սիցիլիայի Պալերմո նահանգի Կոռլեոնե քաղաքի «Կոզա նոստրա»-ի վտանգավոր կլաններից մեկի դեմ գործողության մասին է։
Գործողության ընթացքում ձերբակալվել է մաֆիայի 6 պարագլուխ, այդ թվում՝ սինդիկատներից մեկի խարիզմատիկ առաջնորդ Ռոզարիո Լո Բուեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրավապահները գաղտնալսել են մաֆիայի պարագլուխներից մի քանիսի հեռախոսազրույցները, որոնցից պարզ է դարձել, որ նրանք պլանավորում էին սպանել հայտնի սիցիլիացի քաղաքական գործիչ, ՆԳ նախարար Ալֆանոյին։
Խոսակցություններից մեկի ժամանակ Կոռլեոնե կլանի ղեկավարներն ասել էին, որ Ալֆանոն պետք է Քենեդիի պես ավարտի իր կյանքը։





























