Հայաստանը պետք է չխուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ, որպեսզի ստեղծի ոչ միայն համադրելիության իրավական հիմքեր, այլ ինչու չէ` հիմնական քաղաքակրթական եւ մշակութային երկխոսության լայն հարթակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ այսօրվանից հրապարակային մեկնարկում է երկրի համար կրթության ոլորտում թիվ մեկ կարեւորության փաստաթղթի քննարկումը:
«Կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որի Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: Սա ապացույց է այն կարեւորության, որը տրվում է մեր երկրում կրթությանը եւ նրա զարգացման հեռանկարներին: 2000-2005 թթ. կրթության զարգացման ծրագրից հետո 5 տարի մեր երկիրը չուներ նման ծրագիր, մինչեւ 2010 թվականին հնարավոր դարձավ Ազգային Ժողովին ներկայացնել ընթացիկ ծրագիրը, որի վերջնաժամկետը 2015 թվականն է: Եվ պատահական չէ, որ ընթացիկ ծրագրի արդյունքների ամփոփման աշխատանքներին զուհագեռ` նախաձեռնել ենք նոր ծրագրի մշակումը եւ հանրային քննարկումները»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ ծրագրի հանրային քննարկումները կանցնեն քննադատական մթնոլորտում:
«Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը միջազգային, հատկապես եվրոպական կրթական համակարգի մաս է: Մենք ավարտել ենք մեր բարեփոխումների հիմնական կառուցվածքային քայլերը` այդ համակարգի կառուցվածքը եւ ինստիտուտները համապատասխանեցնելով այն տարածքին, որի մաս ենք կազմում ոչ միայն կրթության, այլ նախեւառաջ քաղաքակրթության հետ կապված: Լինելով եվրոպական քաղաքակրթության մաս` Հայաստանը պետք է չխուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ, որպեսզի ստեղծի ոչ միայն համադրելիության իրավական հիմքեր, այլ ինչու չէ` հիմնական քաղաքակրթական եւ մշակութային երկխոսության լայն հարթակ»,-նշել է նախարարը` իր խոսքում անդրադառնալով նաեւ վերջերս Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական հանդիպմանը: «Այս հանդիպմանն ընդունվել է «Կրթություն-2030» հիմնարար փաստաթուղթը` իր համապատասխան գործողությունների ծրագրով` ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչեւ 2030 թվականը: Եվ այս հիմնարար փաստաթղթում նշված նպատակներից մի քանիսը Հայաստանում արդեն իսկ իրականացվել են: Մասնավորապես, 12-ամյա պարտադիր, պետականորեն ֆինանսավորվող, անվճար միջնակարգ կրթության իրականացումը: Այս փաստը ապացուցում է, որ ՀՀ-ում իրականացված կրթական բարեփոխումները ճիշտ ճանապարհի վրա են, ավելին` մենք շատ երկրներից առաջ ենք: Գուցե որոշ բարեփոխումներ իրականացվել են ընթացիկ մարտավարական սխալներով, բայց երբեք ռազմավարական սխալ չենք գործել` կրթության զարգացման հետ կապված: Այս ճանապարհով ավելի արագ գնալու համար դեռ շատ բան է անհրաժեշտ, բայց նախեւառաջ հավատ` մեր գործի հանդեպ, ցանկություն` որեւէ բան փոխելու: Այս պարագայում եւս մենք պատրաստ ենք հաղթահարել եւ’ հանրային քննարկումների դժվարին փուլը, եւ ֆինանսական որոշակի սահմանափակումների առկայությունը, որն ակնհայտ է` կրթության զարգացման հեռանկարի տեսակետից",-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` ծրագրի մշակման հարցում աջակցության համար:
Ողջույնի խոսքերից հետո տեղի է ունեցել «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի ներկայացումը, որին հետեւել են խմբային քննարկումներ:





























