Վանաձորի բնակիչ, 54-ամյա Վիկտոր Դարբինյանը նոյեմբերի 18-ին դիմել է Լոռու մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Վանաձորի քաղաքապետը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վիկտոր Դարբինյանը, որը «Դիկտիս» ընկերության սեփականատերն է եւ իրականացնում է Վանաձորի թիվ 1 երթուղում ուղևորափոխադրման ծառայություն, դատախազությանը պատմել է, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը արդեն մի քանի ամիս է՝ սպառնում են իրեն: Ըստ Վիկտոր Դարբինյանի՝ մարտից Դարբինյան եղբայրները սպառնացել են իրեն եւ պահանջել դադարեցնել «Դիկտիս»-ի գործունեությունը:

Լոռու մարզի դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով գործն ուղարկել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն:

Նշենք, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին է: