Պետք չէ քննարկել քաղաքական ուժերի վաստակը սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման գործում: Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, պետք չէ պարզել, թե բարեփոխումների հարցում ով է ավելի մեծ մասնակցություն ունեցել, իսկ ով՝ ավելի քիչ: Պատասխանելով կառավարման խորհրդարանական ձեւի վաղեմի կողմնակից ՀՅԴ-ի դերակատարմանը վերաբերող հարցին՝ Բաղդասարյանը նկատեց, որ նրանց դիրքորոշումը միշտ էլ հայտնի է եղել:
2000 ականների կեսերին այն ժամանակվա իշխանությունները նման փոփոխությունը կարեւոր, բայց վաղաժամ էին համարում: «Հիմա բարեփոխումների գործընթացում շատերն են ներգրավված՝ այդ թվում «ոչ» ասողների ճնշող մեծամասնությունը: Նրանք ովքեր հայտարարում էին, որ հրաժարվում են մասնակցել բարեփոխումների քննարկմանը, հիմա իրենք են առաջարկներով հանդես գալիս ու դրանց ճնշող մեծամասնությունը ընդունվել է», -ասել է ՀՀԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցնի դեկտեմբերի 6-ին:





























