Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կեղծ է որակում այն տեղեկությունները, ըստ որոնց Վանաձորում զբաղվում է ուղեւորափոխադրմամբ զբաղվող իր հորեղբոր որդին` Վիկտոր Դարբինյանը, դատախազություն բողոք է ներկայացրել իր դեմ, նշելով, որ քաղաքապետն ու իր եղբայրը ահաբեկում են իրեն եւ ստիպում, որ դադարեցնի ուղեւորափոխադրման գործունեությունը:

Ըստ Վիկտոր Դարբինյանի` քաղաքապետն ու իր եղբայրը փորձում են խլել իր գույքը:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վիկտոր Դարբինյանը Վանաձորի քաղաքապետարանում գույքի հավաքագրման բաժնի պետն է եղել եւ ազատվել է զբաղեցրած պաշտոնից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ ժամանակվանից սկսվել է թշնամությունը հորեղբոր որդիների միջեւ: Սակայն քաղաքապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք բաժանվել են բարեկամաբար, իսկ այս մեղադրանքները, թե խլում են բիզնեսը, կեղծ հայտարարություններ են:

«Բացարձակ սուտ է, մենք էդ տղային երբեք ոչ տեսել, ոչ էլ խոսել ենք աշխատանքից ազատվելուց հետո: Ես չգիտեմ էլ, որ դատախազություն է դիմել: Ինձ դատախազությունից ոչ մեկը չի զանգել, պետք է, որ ինձ զանգեին մի բան ասեին, բայց ես նման տեղեկություն չունեմ, որ դիմել է դատախազություն»,-ասաց Սամվել Դարբինյանը:

 Վերջինս վստահեցրեց, թե այս մեկուկես տարվա ընթացքում միմյանց անգամ չեն տեսել:

«Թող ինքը ասի` գոնե մի անգամ մենք իրար հետ հանդիպե՞լ ենք, կամ խոսե՞լ ենք: Դուրս գալուց հետո բարեկամաբար բաժանվել ենք ու մինչեւ այսօր այլեւս իրար հետ չենք հանդիպել»,-նշեց քաղաքապետը` սպառնալով, որ սուտ մեղադրանքի համար դատի կտա Վիկտոր Դարբինյանին: Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրման բիզնեսի նկատմամաբ իրենց հետաքրքրությանը, ասաց.

« Ինչի՞ս է պետք, ինձ ընդհանրապես պետք չի, մենք նման բան չենք արել, անգամ ես չգիտեմ, որ դատախազություն է դիմել, նոր եմ լսում դրա մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի բնակիչ, 54-ամյա Վիկտոր Դարբինյանը նոյեմբերի 18-ին դիմել է Լոռու մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Վանաձորի քաղաքապետը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վիկտոր Դարբինյանը, որը «Դիկտիս» ընկերության սեփականատերն է եւ իրականացնում է Վանաձորի թիվ 1 երթուղում ուղևորափոխադրման ծառայություն, դատախազությանը պատմել է, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը արդեն մի քանի ամիս է՝ սպառնում են իրեն: Ըստ Վիկտոր Դարբինյանի՝ մարտից Դարբինյան եղբայրները սպառնացել են իրեն եւ պահանջել դադարեցնել «Դիկտիս»-ի գործունեությունը:

Լոռու մարզի դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով գործն ուղարկել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն:

Նշենք, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին է: