Հայաստանում ներկայումս գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին 3 տարիներին: Այս մասին, այսիր՝ նոյեմբերի 20-ին, Մատենադարանում «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ իր խոսքում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ եւ Սմիթսոնյան ինստիտուտի հաջողված համագործակցության արդյունք է, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել եւ զարգացնել փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից է եւ մեծ ազդեցություն ունի թե´ համաշխարհային տնտեսության կառուցվածքի եւ ընդհանուր իրավիճակի եւ թե´ տարբեր երկրների ու տարածաշրջանների տնտեսությունների վրա։ «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը զարգացման տեմպերով եւ արդյունքներով առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: 2014 թ. Հայաստան է այցելել մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11.3 տոկոսով ավելի է 2013 թ. ցուցանիշից: Անցյալ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 860 հազար, ինչը 28.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Միեւնույն ժամանակ Հայաստանում զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը: Կատարվող ներդրումների շնորհիվ ներկայում մեր երկրում գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին 3 տարիներին», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետեւողական ջանքեր է գործադրում նաեւ օդային տրանսպորտային հասանելիության ապահովման ուղղությամբ:
«2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն: Այս ընթացքում բանակցություններ են տարվել ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերությունների հետ` վերջիններիս Հայաստանի Հանրապետության շուկա ներգրավման նպատակով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է առավելագույն ջանքերի գործադրումը՝ առկա ներուժն օգտագործելու եւ կայուն համաչափ տնտեսական զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում զբոսաշրջության ներդրումը մեծացնելու ուղղությամբ: «Ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի մշակութային ժառանգության դերը, որն անփոխարինելի տեղ է գրավում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում եւ կարեւոր խթան է հանդիսանում Հայաստանում գերակայություն հռչակված զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար», - շեշտել է վարչապետը:
Նշենք, որ ծրագիրը մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում եւ միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:





























