Մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդներ այսօր՝ նոյեմբերի 20-ին, հավաքվել էին Երեւանի Բրազիլիայի հրապարակում եւ պահանջում էին վերացնել տաքսու վարորդների լիցենզավորման համակարգը, անհատ տաքսիստների համար տարբեր վարչական շրջաններում կայանատեղիներ ստեղծել (ֆոտոռեպորտաժ):
«Թող կտրոնային սխեմայով անեն, որ վարորդը երբ ուզի, կտրոնը վերցնի, քշի, թե չէ եթե մի ամիս չուզի քշել, լիցենզիան պետք է հետ տա, ինչը հետո ստանալը քաշքշուկների հետ է կապված, իսկ եթե հետ չտանք, ստիպված 12 հազար պետք է անտեղի վճարենք, իսկ կտրոնայինով մարդիկ երբ ուզեն, կվերցնեն, էդ օրը կքշեն ու ստիպված չեն լինի ամսական 12 հազար դրամ վճարել»,- NEWS.am -ի հետ զրույցում ասաց անհատ տաքսու վարորդներից մեկը:
Վարորդներին նաեւ վրդովեցրել է այն հանգամանքը, որ հանրային տրանսպորտի կանգառներում կայանելիս եւ ուղեւորներ վերցնելիս տեսախցիկը ֆիքսում է դա որպես խախտում, եւ մեկ օր անց 5 հազար դրամ տուգանք է գալիս:
«Մեզ լիցենզավորելիս քաղաքապետարանի Տրանսպորտի վարչպության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ ոստիկանության 4 գնդապետեր խոստացել էին, որ կարմիր գիծը տաքսու վարորդների վրա չի ազդելու, բայց մի տեղ կանգնում ենք, եւ հաջորդ օրը տուգանքներ ա որ գալիս են, կաշիներս քերթել են»,-ասաց վարորդներից մեկը:
Տաքսի ծառայություններից մեկի տնօրեն Սամվել Մկրտչանն էլ առաջարկեց փոխել լիցենզավորման կարգը եւ տաքսի ծառայություններին վերադարձնել դեղին համարանիշները, որպեսզի անհատ եւ տաքսի ծառայությունները տարբերվեն:
Վարորդները նախատեսում էին բողոքի ացիա անցկացնել կառավարության եւ Բաղրամյան 26-ի դիմաց, սակայն ի վերջո որոշում կայացրին 12 հոգով գնալ եւ իրենց առաջարկները ներկայացնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:





























