Նախագահը ո՞նց է Սահմանադրություն փոխում, երբ նրա նախընտրական ծրագրում այդ մասին նշված չի եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Եղեգնաձոր:
«Քաղաքական կուսակցությունները պետք է սոցիալական խնդիրները լուծեն, դրանք քաղաքական գործիչների խնդիրներն են, ոչ թե երկրի կառավարման: Նախագահը ո՞նց է սահմանադրություն փոխում, երբ նրա նախընտրական ծրագրում այդ մասին նշված չի եղել: 2018թ. նա երրորդ անգամ չի կարող իր թեկնածությունն առաջադրել եւ ՀՀԿ-ականները մտավախություն ունեն, որ նրա փոխարեն ուրիշը կընտրվի, դրա պատճառով էլ սահմանադրական փոփոխություններ են մտցրել»,-ասաց նա:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ժողովուրդն հնարավորություն է ունենալու իր նախընտրած կուսակցությանն ընտրել:
«Դատախազը միայն իմ միջոցով չի ընտրվելու՝ ընդդիմությունն ու իշխանությունը միասին են ընտրելու, միավորվելով պետք է հարցերը լուծենք: Վերահսկիչ պալատը, որը ձեւավորվում է իշխող քաղաքական ուժի միջոցով, ի՞նչ եք կարծում այդ քաղաքական ուժին կվերահսկի՞»,-ասաց Վարդան Այվազյանը:
Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:





























