Առայժմ որոշում չկա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Ինչպես տեղեկացնում է  haqqin.az-ը, այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետս Նովրուզ Մամեդովը: 

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումն այն է, որ Բաքուն չի խուսափում հանդիպումից եւ պատրաստ է դրան: Սակայն, նշել է Մամեդովը, անհրաժեշտ է, որ վստահություն լինի առ այն, որ պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի քայլերի համար: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են նման հանդիպում կազմակերպել, ընդ որում` այս տարի: Եթե նման հանդիպում տեղի ունենա, դրանից մի քանի օր առաջ մենք կջանանք տեղեկատվություն տրամադրել: Այսօր կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել», - նշել է նա:

Ինչպես ավելի վաղ ասել էին համանախագահները, հանդիպումը նախատեսված է   դեկտեմբերի վերջին: