Պակիստանի հարավում Կարաչի մեգապոլիսում ներքին զորքերի երեք զինծառայողների են սպանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Express Tribune թերթը:
Ինչպես հայտնի է դարձել, այն ավտոմեքենան, որը տեղափոխում էր ՆԳՆ զորքերի մի խումբ զինծառայողների, գնդակոծության է ենթարկվել անհայտ ծայրահեղականների կողմից, որոնք հետո փախուստի են դիմել պատահարի վայրից: Փոխհրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք զինվորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, եւս երկուսին վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:
Կարաչի մեգապոլիսը (Սինդ նահանգի վարչական կենտրոնը) արդեն վաղուց Պակիստանի քրեական մայրաքաղաքն է: Այստեղ գործում en մեծ քանակության քրեական խմբավորումներ, նաեւ տեղի մի շարք կրոնական ու քաղաքական կուսակցությունների ու շարժումների զինյալներ, որոնք հաճախ են մասնակցում ազդեցության ոլորտների վերաբաշխմանը: Բացի դրանից Կարաչին հաճախ է դառնում արյունահեղ ահաբեկչությունների վայր, որոնք կազմակերպում են պակիստանյան «Թեհրիկ ի թալիբան Պակիստան» շարժումների ծայրահեղականները:





























