Սահմանադրական փոփոխությունների միջոցով հնարավորություն է լինելու որոշակի սոցիալական եւ տնտեսական հարցեր լուծել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Շիրակի մարզի Ամասիա քաղաքում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում այցելել է Ամասիա:
«Խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն է տալիս, որ եթե իր ծրագրերը կառավարությունը չկատարի՝ ավտոմատ դուրս կգա: Վարչապետը կդառնա այն մարդը, որը որ կընդունվի տարբեր կուսակցությունների ու անձերի կողմից»,-ասաց Միքայել Մելքումյանը:
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ պետք է սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասել, քանի որ դրանցից հետո էլ Հայաստանում ոչինչ չի փոխվելու, ըստ նրա Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն, ոչ թե կառավարման համակարգի փոփոխություն:
Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:





























