Երեւանի ՋԷԿ-ում ներդրողն արտոնություններ չի ստանա, այլ երաշխիքներ: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի քարտուղար Վասակ Թարփոշյանը: 

Իտալական «Renco» շինարարական ընկերությունը ԵրՋԷԿ-ի համար ուրիշներից ավելի էժան բնական գազ չի ստանա, հավելել է նա: Փոխըմբռնման հուշագրում արձանագրված է հազար խորանարդ մետրի դիմաց  230,8 դոլար գինը: Այդ գինը չի ներառում ԱԱՀ-ն, դրա հետ միասին հաշված կազմում է  276,98  դոլար` ճիշտ այնքան, որքան վճարում են բնական  գազի մյուս խոշոր օգտագործողները: 

ԿՎտ/ժամի դիմաց 6,62 ցենտ սակագինը, որն առաջարկված է Հուշագրում, կազմում է    (ընթացիկ փոխարժեքով դրամով վերահաշվարկի դեպքում եւ ԱԱՀ-ն ներառյալ) մոտ 38,3 դրամ: Դե յուրե դա ավելի բարձր է, քան Երեւանի ՏԷՑ-ի գործող սակագինը  (33,39 ԱԱՀ-ն ներառյալ), սակայն փաստացի իրավիճակն այլ է:

«Պետք է հաշվի առնել, որ այդ կայանն Իրանի հետ աշխատում է գազ-էլեկտրաէներգիա շրջանակում:  33,39 սակագնում հաշվի է առնված այս գործոնի ազդեցությունը: Հակառակ դեպքում սակագինը ԱԱՀ-ի հետ միասին կկազմեր  43,3 դրամ», - պարզաբանել է Թարփոշյանը:

Էլեկտրակայանը կկառուցվի համատեղ շոգեգազային ցիկլով,  234 ՄՎտ հզորությամբ եւ Հայաստանի համար բարձր ՕԳԳ-ով`  50,5 տոկոսից ոչ ցածր: Իտալական ընկերությունը նախատեսել է մոտ  215 մլն դոլար ներդնել շինարարության մեջ: