Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «ՈՉ»–ի ճակատի հերթական հանրահավաքը։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ–ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները։ Ոչ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, ինչպես նախորդ հանրահավաքներին այսօր էլ ներկա չեն։
Ցուցարարներն իրենց հետ հրապարակ են բերել «Ոչ» գրությամբ պաստառներ եւ դրոշներ։
Ինչպես նախապես հայտարարվել է, այսօր ներկայացվելու է ««Ոչ»–ի հաղթանակի ծրագիրը», հստակություն է մտցվելու, թե ինչ քայլերով է ճակատը մտադիր հասնել սահամանդրական փոփոխությունների տապալման։
Հանրահավաքին հաջորդի երթ Մաշտոց–Ամիրյան, Նալբանդյան–Թումանյան, Ազատության հրապարակ երթուղիով։
Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Ազատամարտիկների դաշինքի» անդամներ։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։





































