Արարատի մարզում այս գիշեր գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիմակավորված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Գետափնյա գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի աշխատասենյակ և զենքի գործադրմամբ, գազալցակայանի աշխատակից Ա.Գամեյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել զգալի չափերի  գումար, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղում 2015թ. նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զինված հարձակում է եղել բենզալցակայանի վրա:

NEWS.am-ի տեղեկություններով՝ անհայտ անձը զենքի սպառնալիքով հարձակվել է բենզալցակայանի աշխատակցի վրա, հափշտակել մոտ 200 հազար դրամ եւ դիմել փախուստի: