15 օր հետո Հայաստանի ժողովուրդը շատ լուրջ եւ կարեւոր պատմական որոշում պիտի կայացնի։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ «սահմանադրական բարեփոխումները բլեֆ են»։

«Խնդիրն այն է, որ սա պարզագույն հնարք է, որը լացելու չափ ծիծաղելի է։  Սա պարզագույն բլեֆ է, որը ոչ ոք չի ընկալել որպես ազնիվ քայլ, կեղծիք, որի նպատակն է, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության գլուխ, անժամկետ հավերժացնի իր եւ իր կուսակցության իշխանությունը»,– ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, դեկտեմբերի 6–ի հանրաքվեին լուրջ հնարավորություն կա «կոնտրհնարք իրականացնելու»։

 «Դեկտեմբերի 6–ին պետք է սկսենք փուլային իշխանափոխություն»,– ասաց Մանուկյանը։