Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականից սկսված ցեղասպանությունից ի վեր Հայաստան է եկել 25 փախստական եզդի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը: Նա նշեց, որ արդեն մի քանի փախստական եզդիներ, որոնք Հայաստան էին եկել 2015թ. ամռանը, Հայաստանում չկարողանալով աշխատանք գտնել եւ իրենց հացի խնդիրը լուծել, լքել են Հայաստանը եւ գնացել Եվրոպական երկրներ: Նա նշեց, որ այժմ Հայաստանում են գտնվում փախստական եզդիների 3 ընտանիք (19 հոգի), որոնք արդեն 5 ամիս է Հայաստանում են, սակայն դեռ չեն կարողացել աշխատանք գտնել եւ առաջիկայում կվերադառնան Շանգալ:
«Նրանք մինչեւ հիմա եզդիական համայնքի օգնությամբ են ապրում, չեն կարողանում աշխատանք գտնել, չեն հարմարվում Հայաստանին եւ առաջիկայում պլանավորել են վերադառնալ կրկին Իրաք»,-ասաց նա:
Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:
2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ:





























