Արագածոտնի մարզպետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը դեռեւս ճշգրտում է նախորդ շաբաթ ուժեղ քամու հետեւանքով հասցված վնասների չափերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը:
Սաթենիկ Զորյանի խոսքով՝ քամուց վնասվել էին էլեկտրասյուներ եւ մի շարք տների տանիքներ:
«Դեռեւս պարզ չէ, վնասի չափը եւ թվով քանի տան տանիք է վնասվել, բայց կան տներ, որոնց տանիքնեն ամբողջությամբ քամին տարել է, իսկ էլեկտրասյուներն արդեն վերականգնվել են: Հանձնաժողովի անդամները պարբերաբար լինում են տարբեր համայնքներում, շուտով պարզ կլինի, թե որքան վնաս է հասցվել»,-նշեց նա:
Մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ նշեց, որ տուժած ընտանիքների ցանկը՝ հասցված վնասների չափերով, կներկայացվի Կառավարություն, որն էլ կորոշի փոխհատուցման հարցը:
Նշենք, որ ուժեղ քամու հետեւանքով Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ եւ մարզկենտրոն Աշտարակը հոսանքազրկվել էին:
Ուժեղ քամուց շուրջ 7 մլն դրամի վնաս էր հասցվել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի գերեզմանատանը, վնասվել էր շուրջ 60 տան տանիք:
Իսկ Լոռու մարզում արմատախիլ էին եղել ծառեր, վնասվել տանիքներ եւ էլեկտրասյուններ, հոսանքազրկվել էր 63 համայնք:





























