Հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանն, ըստ Հայաստանի եւ Երեւանի ակնաբույժների՝ դատարանում տված ցուցմունքի, մեղավոր չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Գասպարյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Նա նշեց, որ որպես վկաներ դատարանում արդեն հարցաքննվել են Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես  Զիլֆյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ակնաբույժ, պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը:

Նրա նշեց, որ համաձայն չէ կրկնակի փորձաքննության արդյունքների հետ, ըստ որոնց ակնաբույժ Աննա Գասպարյանն հիվանդին սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով նրա աչքը այտուցվել  եւ շլացել է:

«Դատաքննության ընթացքում կապացուցվի, որ իմ պաշտպանյալը ոչ մի բանում մեղավոր չէ եւ բժշկական պրակտիկայում չկա, որ սրսկելուց առաջ հիվանդի գլուխը ֆիքսեն: Այս դատաքննության ընթացքում շատ հետաքրքիր հանգամանքներ կպարզվեն դեռ»,-ասաց Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ տուժող Աննա Կնյազյանը պնդում է, որ ակնաբույժ Աննա Գասպարյանն իրեն սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով իր աչքը այտուցվել է եւ շլացել։ Կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով։ Ամբաստանյալը, սակայն, պնդում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ։

Ըստ մեղադրական եզրակացության`Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով։