Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում նոյեմբերի 14-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով տուժած մոտ 70 ընտանիք սեփական միջոցներով է վերականգնել վնասված տանիքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գերասիմ Սարգսյանը՝ հավելելով, որ որոշ գյուղացիներ տանիքները վերականգնելու միջոց չունեն:
Ուժեղ քամուց վնասվել է նաեւ Նորակերտի գերզմանատան 8 շիրմաքար, որից 2-ն են միայն վերականգնվել:
Շիրմաքարերի վերականգողական աշխատանքները, ըստ գյուղապետի, եւս գյուղացիները պետք է իրականացնեն գրեթե սեփական միջոցներով, քանի որ մարզպետարանից ընդամենը 100 000-ական դրամ է հատկացվել շիրմաքարերի վերականգնման համար
Քամուց վնասվել էր նաեւ դպրոցի տանիքը եւ պատուհանների ապակիները, եւ մանկապարտեզի տանիքը, որոնց վերականգնման ուղղությամբ, ըստ Գերասիմ Սարգսյանի, ոչ մի աշխատանք չի տարվել:
«Մանկապարտեզի եւ դպրոցի տանիքներն այդպես էլ մնում են, իսկ դպրոցի պատուհաններին ցելոֆան են կպցրել, դաս են անում,տեսնենք՝ ինչ պիտի արվի»,-ասաց գյուղապետը:
Գերասիմ Սարգսյանը նշեց, որ գյուղապետարանը տուժած գյուղացիներին որեւէ ֆինանսական աջակցություն չի կարող ցուցաբերել բյուջեի միջոցների սղության պատճառով:
«Գյուղապետարանը ո՞ր մեկին օգնություն տա, 60-70 հոգի են, ամենքին հո 1000 դրամ չի՞ տա 20 000-30 000 գոնե պիտի տա, էլի շատ քիչ է, բայց գյուղապետարանի վրա ահագին թվեր կնստի»,-ասաց նա:
Գյուղապետը ավելացրեց, որ հասցված վնասի չափերը դեռեւս չեն ճշտվել:





























