«Վերնիսաժի» կրակոցների գործով դատավճռի հրապարակումից թեւ արդեն մեկ ամիս անցել է, սակայն 6.5 տարվա ազատզրկման դատապարտված Գոռ Առաքելյանի, 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Մելքոնյանի պաշտպանները դեռեւս չեն բողոքարկել առաջին ատյանի որոշումը:
NEWS.am-ի հետ զրույցում «Վերնիսաժի» գործով դատապարտյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) փեսա Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ ինքը դատավճիռը ուշ է ստացել եւ դեռեւս ժամանակ ունի վճռի բողոքարկման համար` չհստակեցնելով, թե երբ ի վերջո կդիմի Վերաքննիչ քրեական դատարան:
3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպանի` Արայիկ Ալվանդյանի խոսքով` դատապարտյալի ծնողները դեռեւս իրեն չեն դիմել վճիռը բողոքարկելու համար:
«Այս պահին ոչ մի լուր չկա: Վալերիկն ու իր ծնողներն են որոշելու, դեռեւս լուր չկա: Կարող է` ինձ չդիմեն, ուրիշ պաշտպանի դիմեն, հայտնի չէ, որեւէ տեղեկություն չունեմ»,-ասաց պաշտպանը:
2 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես դեռեւս չի բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Գոռ Առաքելյանին դատապարտվեց 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3 տարվա, իսկ Ներսես Մելքոնյանին 2 տարվա ազատազրկման։
Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2.5, Ներսես Մելքոնյանի 2 տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):
Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):





























