Հարավային Կորեայում երկրի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած զանգվածային ակցիաների հետաքննության շրջանակում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել արհմիությունների գրասենյակներում, տեղեկացնում է «Ռենհապ» գործակալությունը:
Խուզարկությունները տեղի են ունեցել ութ արհմիութենական կազմակերպության, այդ թվում նաեւ` Արհմիությունների կորեական կոնֆեդերացիայի տասներկու գրասենյակում: Ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել հակակառավարական ելույթների կազմակերպման մասին, որոնց մոտ 130 հազար ցուցարար էր մասնակցել: Ցուցարարները հանդես էին գալիս կառավարության` պատմության դասագրքերը փոփոխելու մտադրության եւ աշխատանքի շուկայում փոփոխությունների դեմ, գրում է Gazeta-ն:
Իշխանությունների կարծիքով, արհմիություններն են կազմակերպել բողոքի այն ակցիաները, որոնք աստիճանաբար անկարգությունների են վերածվել: Ոստիկաններից մեկը հավելել է, որ խուզարկություններն իրականացվել են բռնության ակցիաների կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով:





























