Ի՞նչ մեղավոր է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ արտաքին գործոնները անընդհատ սեղմում են երկիրը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ հավելելով. «Որ Հովիկ Աբրահամյանի տեղը ես լինեի կամ Բագրատյանը, կարո՞ղ ա տնտեսական աճ լիներ։ Էս բլոկադայի պայմաններում, փակ սահմանների, էլի լավ է, որ մենք կարողանում ենք գոյատեւել»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ստիպեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ, եթե անձերից ոչինչ կախված չէր, պատգամավորը պատասխանեց․ «Ես ապշում եմ, թե Հովիկ Աբրահամյանը ինչպես է կարողանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների պարագայում բնականոն բյուջե կատարել։ Ինչի խոստանա էսօր, թողեք մյուս տարի լավ լինի, նոր էսպես․․․ Հաշվարկում են, չէ՞, թե աշխարհում ինչ է կատարվում»։

Պատգամավորը տնտեսության զարգացմանը խոչընդոտող ներքին գործոններից մեկին չզլացավ անդրադառնալ. «Ես համաձայն եմ՝ կա կոռուպցիա, դրա վերացման ճանապարհները փնտրվում են, բայց ես Ձեզ ասեմ, որ կոռուպցիան գնալով կրճատվում է։ Իմ անձնական տվյալներով եմ ասում, երբ որ գործ եմ ունենում որեւէ մարմնի հետ։ Հիմա չես կարող դատավորների հետ ինչ-որ բան պայմանավորվել, իհարկե ոչ բոլորի․․․Ես տեսնում եմ կոռուպցիայի ծավալների կրճատում, բայց ոչ իսպառ վերացում»։

ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացման մասին պատգամավորի չափորոշիչները նույնպես այլ են. «Մեր վիճակը գնալով լավանում է ընդհանուր, առանձին շերտերինը՝ վատանում, բոլոր երկրներում է էդպես»։

Դիտարկմանը, թե լավանում է միայն իշխանության ներկայացուցիչների վիճակը, պատգամավորը փաստեց. «Էդ որ քաղաքում չենք կարողանում շարժվենք ճանապարհներին, էդ մեքենաները որտեղի՞ց են։ Վարկն էլ են, չէ՞, փակում։ Անձամբ ես՝ որպես պատգամավոր, կուզենայի՝ իմ վիճակն էլ լավանար։ Ես ստանում եմ 498 հազար դրամ, ըստ Ձեզ՝ դա պատգամավորի աշխատավա՞րձ է։ Մեր պատգամավորական կորպուսը անարդարացիորեն շատ չնչին աշխատավարձ է ստանում»։