Բահրեյնի ընդդիմադիր միավորման՝ շիական «Ալ Վիֆակ» կուսակցության առաջնորդի մեկ տարեկան դուստրը չի կարողանում Բահրեյնի քաղաքացիություն ստանալ, հայտնել է երեխայի մայրը՝ Սալմանա Ալիա Ռիդան:

«Մեր աղջիկը՝ Սառան, մեկ տարեկան է դարձել, նա չի կարող տեսնել հորը՝ շեյխ Ալի Սալմանին եւ զուրկ է Բահրեյնի քաղաքացիություն ստանալու հնարավորությունից, քանի որ նրա հայրը բանտում է»,- գրել է նա Twitter-ում:

Նա նշել է, որ նման իրավիճակում են հայտնվել Բահրեյնի շատ երեխաներ, որոնք, այդ երկրում ունենալով արմատներ եւ որեւէ հանցագործություն չկատարելով, քաաքացիություն ստանալու իրավունք չունեն իրենց հայրերին քաղաքական դրդապատճառներով քաղաքացիությունից զրկելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք, որ Բահրեյնի քրեական դատարանը Պարսից ծոցի քաղաքական խոշորագույն միավորման ղեկավար Ալի Սալմանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել «թագավորության օրենքները չկատարելու հրապարակային կոչեր անելու եւ հանցագործություններն արդարացնելու համար»: