Ղրղզստանի Օշ քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Boeing 737 օդանավը, որի հետեւանքով կոտրվել է օդանավի թեւը եւ շասսին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով օդանավակայանի աղբյուրը։
«Նախնական տեղեկություններով, Կրասնոյարսկից օդ բարձրացած Boeing 737 օդանավի թեւն է կոտրվել եւ վնասվել շասսին։ Օդանավում եղել է 159 մարդ»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ղրղզական Avia Traffic Company ավիաընկերությանը պատկանող օդանավը խիտ մառախուղի պատճառով վթարային վայրէջք է կատարել երկրի Օշ քաղաքի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք է կատարել թռիչքուղու կողքին, ուղեւորներին տարհանել են փքվող շարժասանդուղքի օգնությամբ։ Նախնական տեղեկություններով, տուժել է երկու մարդ։ Օդանավակայանը ներկայումս փակ է։





























