Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Հալիֆաքսի օդանավակայանում՝ պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այս միջադեպի մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։
Ամերիկացի լրագրողների փոխանցմամբ, Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Կանադայի ոստիկանության տվյալներով, ռումբի մասին ահազանգից հետո օդանավն ուղարկվել է Հալիֆաքսի օդանավակայան։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորներին տարհանել են անվտանգ վայր։ Վերջին տեղեկություններով, իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են օդանավը։
Նոյեմբերի 19-ին ֆրանսիական Air France ընկերության Վաշինգթոնից Փարիզ թռչող օդանավը նույնպես արտակարգ վայրէջք էր կատարել Հալիֆաքսի օդանավակայանում՝ ռումբի ահազանգի պատճառով։ Ստուգումից հետո ռումբ չէր հայտնաբերվել։





























