Հանրաքվեի դրված՝ Սահմանադրության նոր նախագծի յուրաքանչյուր դրույթի վրա մասնագիտական հանձնաժողովը լուրջ աշխատել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում վանաձորցիների հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագծում առկա հակասական կետերն ինչպես են լուծվելու։
«Ցանկացած փոփոխություն միտված է դրականին, չի բացառվում նաեւ, որ տարբեր դիտարկումների առիթ կարող է լինել։ Սակայն ես կարող եմ հստակ նշել, որ ցանկացած դրույթի վրա մենք լուրջ աշխատել ենք»,- ասաց Արթուր Եղիազարյանը, որը կոչ է անում կողմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, «Ոչ» քարոզող Նարեկ Այվազյանի խոսքով՝ իսկապես կան հակասական դրույթներ, ինչի համար էլ իրենք հորդորում են դեմ քվեարկել հանրաքվեի ժամանակ։
«Մենք առաջարկություններ էինք ներկայացրել հենց այդ հակասությունների մասով։ Առաջարկների մի մասն ընդունվել է, սակայն կան հիմնական դրույթներ, որոնք մնում հակասական, այդ թվում տարածքային ամբողջականության, կառավարման համակարգի եւ այլն»,- ասաց Նարեկ Այվազյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին։





























