Գործող Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքական կյանքում առկա է անպատասխանատու իշխանություն եւ ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արարատ գյուղում հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ Սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի հավասարակշռություն մտցնել քաղաքական կյանքում։
«Սահմանադրական փոփոխություններն արվում են երեք նպատակով. Սահմանադրությունը հաղորդվում է միս ու արյուն, իրավունքները լիարժեք են դառնում, իսկ իշխանությունների միջեւ էլ հավասարակշռությունն է ապահովվում»,- ասել է Արծվիկ Մինասյանը։
ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցում կատարելու դեպքում իշխանությունն ու ընդդիմությունն առավել զուսպ կդառնան. Ընդդիմությունը կօգտագործի իր լծակները, իսկ իշխանությունն էլ ավելի զուսպ կդառնա։
«Ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ ժողովուրդը դառնում է կառավարման անմիջական մասնակից»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին։





























