Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիեւին, ինչպես նաեւ եղբորը` Ժանիբեկ Բաքիեւին նոր մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին տեղեկացրել է Ղրղզստանի գլխավոր դատախազությունը: 

Վերահսկիչ մարմնի տեղեկության համաձայն, նախկին նախագահը, նրա եղբայրը, ինչպես նաեւ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նախկին վարչապետ Իսկանդեր Հայդարալիեւը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Արստանբեկ Նոգոեւը, մեղադրվում են 2008-ին Բիշքեկի մոտակայքում գտնվող հողատարածքները անօրինականորեն մի կարգից մյուսը  տեղափոխելու համար, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը: 

«Հողատարածքները «Գյուղատնտեսական նշանակության հողեր» կարգից տեղափոխվել են «Բնակելի հողատարածքներ» կարգ, -նշվում է փաստաթղթում:   Այդ կապակցությամբ նախկին նախագահին եւ նրա եղբորը մեղադրանք է ներկայացվել  «Կաշառակերության գործում հանցակցություն» հոդվածով, Չուդինովին, Հայդարալիեւին եւ Նոգոեւին`   «Ծառայողական դիրքի չարաշահում» հոդվածով: «Դատական գործն ուղարկված է Բիշքեկ քաղաքի Հոկտեմբերյան շրջանի դատարան` քննության», - հայտնել է դատախազությունը:

Բաքիեւը իշխանությունից հեռացվել էր 2010-ի ապրիլին, ինչից հետո հարազատների հետ ստիպված էր եղել երկրից փախչել: Ցուցարարների գնդակահարության եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար Կուրմանբեկ Բաքիեւը Պետական պաշտպանության ծառայության պետ Ժանիբեկ Բաքիեւի հետ միասին հեռակա դատապարտվել էր գերագույն պատժի` ցմահ ազատազրկման ունեցվածքի բռնագրավմամբ:  

Նախկին նախագահն ու եղբայրը Մինսկում են ապրում: Կիրգիզիայի իշխանությունները Բելառուսից պահանջել են արտահանձնել նրանց, սակայն մերժում են ստացել: