Եղվարդի ջրամբարի կառուցումը թուլացնելու է Սեւանա լճից կախվածությունն ու լճից վերցվող ջրի տնտեսումը՝ տարեկան 50 մլն խ/մ-ով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով հոկտեմբերին Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակով իրականացված հանրային լսումների արդյունքներին՝ Արամ Հարությունյանը կարեւորել է հանրային հատվածի դժգոհությունների եւ մտահոգությունների բացակայությունը՝ այն համարելով բնապահպանական անհրաժեշտ ցուցիչ:
Հյուրերին ներկայացնելով կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի եւ Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները՝ Կոմիտեի նախագահը հատկապես առանձնացրել է Եղվարդի ջրամբարն իր մեծությամբ եւ դիրքի շահեկան առավելությամբ: «Եղվարդի ջրամբարի կարեւոր առանձնահատկությունն իր դիրքն է, քանի որ ջրի հոսքն ու ջրամատակարարումն իրականանալու են ինքնահոս եղանակով, ինչը հոսանքի լուրջ տնտեսում է ենթադրում, որն էլ իր հերթին դրական է անդրադառնալու գյուղմթերքի ինքնարժեքի վրա»,- նշել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ ջրամբարի կառուցումը թուլացնելու է Սեւանա լճից կախվածությունն ու լճից վերցվող ջրի տնտեսումը՝ տարեկան 50 մլն խ/մ-ով:
Այս ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների եւ տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-պոմպային, մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման: Ինչ վերաբերում է ջրի տեղափոխման արդյունավետությանը, ապա նախատեսվում է այն բարձրացնել 50 %-ով:
Հանդիպմանը քննարկվել են Ջրամբարի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային թիմի ընթացիկ գործունեությունը:





























