Կանադայի կառավարությունը մտադիր է երեքշաբթի հրապարակել 25 հազար փախստականներին երկրում տեղավորելու ծրագիրը, սակայն անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով միայն կանայք ու ամուսնացած տղամարդիկ իրավունք կունենան ազատ մուտք գործել երկրի տարածք, հայտնում է CBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով տվյալ միջոցառման նպատակն է ամրապնդել անվտանգությունը ու կրճատել փախստականների շարքերում քողարկված ծայրահեղականների՝ երկիր ներթափանցելու հավանականությունը: Վերջին վեց շաբաթներին Կանադայի ներկայացուցիչներն ամեն օր Լիբանանի տարածքում անվտանգության ստուգումներ էին անում Սիրիայի մոտավորապես հարյուր քաղաքացիների նկատմամբ, որոնք ապաստան ստանալու դիմում էին ներկայացրել: Ենթադրվում է , որ մինչեւ տարեվերջ Կանադայում ապաստան ստացած փախստականների թիվը կհասնի 25 հազար մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը հայտարարել էր, որ երկիրը շարունակում է իրականացնել Սիրիայից փախստականների ընդունման ծրագիրը՝ չնայած վերջին հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները ծայրաստիճան մտահոգված են իշխանությունների տվյալ նախաձեռնությամբ:
Երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն նաեւ նշել է, որ Կանադան մտադիր չէ հրաժարվել փախստականներին տեղավորելու ծրագրից, բայց կուժեղացնի միգրանտների ընդունելության ու ստուգման միջոցառումները:





























