ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ  կրթական հաստատություններում ուսուցիչներին,  աշակերտների ծնողներին ցուցակագրելը անիմաստ  բան է։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ դպրոցներում, մանկապարտեզներում «Այո»-ի օգտին ցուցակագրում են ուսուցիչներին, ծնողներին, պահանջում անձնագրերի տվյալները։

«Չկա  տենց բան։ Իսկ եթե անգամ նման բան անում են, դա անիմաստ ա։ Ինչի՞  համար ա, ցուցակները կախված են, տեղամասերը հստակ կան, հիմա թե ով իր համար իր նախասիրություններից ելնելով՝ ինչ ցուցակ է կազմում, ես չեմ հասկանում դրա  տրամաբանությունը»,-նշել է նախկին տնօրենը։

Ռուզաննա Մուրադյանը վստահեցրել է, որ  ուսուցիչների, ծնողների քվեն ստուգելու հնարավորություն չկա։

«Էն ժամանակները, երբ որ նոր-նոր ընտրական գործընթացները սկսում էր, ու մարդկանց տարբեր բաներով փորձում էին ասել՝ այ դու ոնց քվեարկեցիր, էն տեսախցիկի մեջի, չգիտեմ գրիչի ծայրին կամերա  կար, որ կարող է... Հիմա ես ինքս շփվում եմ ուսուցիչների հետ, նման բան չկա, որ ցուցակներ ուզեն, ումի՞ց, ինչի՞ց, հավատացեք, որ նման բան չկա»,-վստահեցրեց ՀՀԿ-ականը, մինչդեռ անցած քառօրյային կառավարության հարց ու պատասխանի  ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանրամասնությամբ ներկայացրեց՝ դպրոցներում ընթացող նախընտրական քարոզչության, եռուզեռի մասին։

Դիտարկմանը, թե ինչու են դպրոցների տնօրենների մեծամասնությունը ՀՀԿ-ից, Մուրադյանը հիշեցրեց ՀՀՇ-ի ժամանակները, երբ տնօրենները այդ կուսակցության ներկայացուցիչներ էին։

«Դուք մոռացա՞ք նախկին ՀՀՇ-ի անդամ տնօրեններին։ Կուսակցությունը չկարողացավ պահել իր դերը, դիրքը եւ իր համոզմունքները, մարդիկ կարող էն չէ․․Նախկինում որ ՀՀՇ-ի անդամ են եղել, հո դատապարտված չե՞ն ցմահ, կարող են ժամանակի ընթացքում փոփոխել իրենց տեսակետները, որովհետեւ կուսակցությունը չարդարացրեց իրենց հույսերը»։