Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար պայքարող «Կարմիր քարտ» նախաձեռնության մի քանի տասնյակ երիտասարդներ այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանում տեղի ունեցած թանկացումների վերաբերյալ դիմում-բողոք հանձնեցին Ազգային Ժողով եւ շարժվեցին Բաղրամյան 26` նախագահական նստավայր նույնաբովանդակ նամակ հանձնելու:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ այս պահին մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել նախագահական նստավայրի դիմաց, իսկ «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները կարմիր քարտերը ձեռքերին, «Չենք հնազանդվելու» գրությամբ պաստառներով ու սուլոցներով իրենց բողոքն են արտահայտում նախագահականի դիմաց:
«Մեր բողոքն ենք հայտնում Հայաստանում թանկացումների վերաբերյալ եւ կարմիր քարտ ենք ցույց տալիս իշխանություններին, բողոքի նամակն ենք հանձնել Ազգային Ժողովի նախագահին ու Հայաստանի նախագահին»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Նշենք, որ նախքան ԱԺ շենք հասնելը փոքրիկ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների ու ակտիվիստների միջեւ, որոնք փորձում էին Բաղրամյան պողոտան հատել անթույլատրելի հատվածից, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին:
Նշենք, որ նախքան այս ակտիվիստները նամակ հանձնեցին Կառավարության շենք:





























