Եգիպտոսում հոկտեմբերի 31-ին ռուսական օդանավի պայթեցումից հետո Հայաստանի քաղաքացիները կանգնել են փաստի առջեւ. մի կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց, մյուս կողմից  քաղաքացիները,  որոնք նախապես Նոր տարին  Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացնելու փաթեթներ են գնել, չեն կարողանում հետ ստանալ իրենց տոմսերի գումարները։

Տուրիստական գործակալությունները նրանց գումար չեն վերադարձնում` պատճառաբանելով, որ ավիաընկերություններն են հրաժարվում են նախապես գնված տոմսերը հետ վերցնել, փոխարենը նրանք առաջարկում են տոմսերը փոխել դեպի Դուբայ կամ այլ ուղղությունների տոմսերով:

Քաղաքացիները, այլընտրանք չունենալով, փոխում են ուղղությունը, ինչի դեպքում երբեմն ստիպված են լինում գումար ավելացնել։

«Ուղղությունը փոխում են եւ գնում հիմնականում Դուբայ կամ էլ Շրի Լանկա, եթե փաթեթներն ավելի թանկ են, ավելացնում են գումարը, սակայն Դուբայի դեպքում հիմնականում նույն արժեքն է, եւ ստիպված չեն լինում գումար ավելացնել»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչը։

Նելլի Հովհաննիսյանը, որն ամանորյա տոների համար նախապես դեպի Շարմ էլ Շեյխ ընտանեկան փաթեթ է վերցրել, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Եգիպտոս չգնալու ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից հետո դիմել է տուրիստական գործակալություն` փաթեթը վերադարձնելու համար, սակայն պատասխանել են, որ ավիաընկերությունը տոմսերի վերադարձ չի անում եւ փոխարենն առաջարկել են նույն գնի սահմանում այլ ուղղություններով փաթեթներ:

«Մեզ ասացին, որ այդ գումարով կարող ենք միայն Դուբայի փաթեթ վերցնել, սակայն նշեցին, որ այս պահին ազատ տեղեր չեն մնացել: Մեզ այլ տարբերակ չի մնում, պետք է ստիպված գնանք, գործակալությունից էլ մեզ վստահեցրին, որ չվախենանք, գնանք Շարմ Էլ Շեյխ, իրավիճակը չափազանցված է, այնտեղ ամեն ինչ խաղաղ է»,-նշեց Նելլին:

Տուրիստական գործակալություններում նշում են, որ պահանջարկի բացակայության պատճառով իրենք այժմ դեպի Եգիպտոս ուղղությամբ փաթեթներ չեն վաճառում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ կատարվածը ահաբեկության հետեւանք է։