Այսօր՝ 2015 թ. նոյեմբորի 23-ին ոստիկանության ծառայողներն այցելել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվ անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան:
Ոստիկաններն իրենց անակնկալ եւ տարօրինակ այցելությունը փորձել են բացատրել մի կեղծ եւ անհեթեթ պատճառաբանությամբ, իբրեւ թե բջջային հեռախոսահամարով որոնում են այդ բնակարանում բնակվող դրա տիրոջը, որի հետ կապված ինչ որ դեպք է պատահել:
Իրականում խոսքը Արմեն Միքայելյանի հեռախոսահամարի մասին է, որը ձեռք է բերվել նրա քրոջ անունով:
ԱրմենՄիքայելյանը, ծնողներից տեղեկանալով, որ իր հայրական տանը ոստիկաններ կան, հեռախոսով խոսել է նրանցից մեկի հետ, փորձելով ճշտել նրա անձնական տվյալները, պաշտոնը եւ այցի նպատակը: Ոստիկանը խուսափել է ուղիղ պատասխան տալուց եւ անջատել է հեռախոսը, այնուհետեւ չի պատասխանել զանգերին:
Այնուհետեւ Արմեն Միքայելյանի ծնողները նրան տեղեկացրել են, որ ոստիկանները նրա հետ խոսելուց հետո ներողություն խնդրելով շտապ հեռացելեն, պատճառաբանելով, թե թյուրիմացություն է տեղի ունեցել:
Ոստիկանության անհեթեթ եւ էժան այս հերթական ջղաձգումը ոչ միայն մեկ անգամ եւս բացահայտում է, որ ուժային մարմինները ապօրինի կերպով գաղտնալսում եւ հետեւում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին, այլեւ փորձում են իրենց աղքատիկ ու հնացած զինանոցի բոլոր միջոցներն օգտագործել մարդկանց պայքարից հեռու պահելու համար, սակայն ավելի ու ավելի հաճախ արդյունքի չեն հասնում, ասվում է հաղորդագրության մեջ:





























