ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը միայն ջուր է լցնում Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին եւ տեղավորվում է Բաքվի կողմից բանակցային գործընթացի ձախողման փորձերի մեջ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատումը:
«Բոլորովին վերջերս մենք ականատես եղանք բրիտանացի պատգամավոր Ուոլթերի` ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրած զեկույցի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին: Դրանում մասնավորապես ասվում էր, որ հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը` զուգահեռ մեխանիզմներ ստեղծելուն ուղղված փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել առաջընթացը: Անշուշտ, այս միանշանակ զգուշացումից հետո ԵԽԽՎ այժմ արդեն Սոցիալական հարցերի հանձնաժողովում եւս մեկ զեկույցի նախագծի ներկայացումը, որով աղավաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը, բացահայտորեն միտված է եռանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ուղղությամբ իրականացվող ջանքերի խափանմանը»,- նշել է Քոչարյանը:
Ըստ ԱԳ փոխնախարարի, զեկույցի նախագիծը միայն ջուր է լցնում Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին եւ տեղավորվում է Բաքվի կողմից բանակցային գործընթացի ձախողման, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու ադրբեջանական անդադար փորձերի, հիմնահարցի քննարկումը այլ ձեւաչափեր տեղափոխելու ձգտման, եռանախագահներին անընդհատ քննադատելու քաղաքականության տրամաբանության մեջ: «Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ կամա, թե ակամա Ադրբեջանի քարոզչամեքենայի գործիք են դառնում նաեւ ԵԽԽՎ որոշ պատգամավորներ, ովքեր, քվեարկությամբ սպիտակը սեւ որակելով, սեւացնում են առաջին հերթին հենց իրենց եւ փորձում ստվեր գցել ԵԽԽՎ հեղինակության վրա:
Հատկանշական է, որ զեկուցողը արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան` զլանալով այցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նա կարող էր ծանոթանալ իր զեկույցի հիմնական առարկայի` Սարսանգի ջրամբարի իրավիճակին։ Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ: Այլապես նա չէր անտեսի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 18-ին դրական էին պատասխանել դրանից ընդամենը երկու օր առաջ ստացված` այնտեղ այց իրականացնելու գրավոր առաջարկությանը: Այլապես անպատասխան չէր թողնի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից Հայաստանում նրան ընդունելու պատրաստակամության մասին օգոստոսի եւ նոյեմբերի նամակները: Արդյունքում ներկայացվել է զեկույց մի ջրամաբարի մասին, որը զեկուցողը չի ցանկանցել նույնիսկ տեսնել, փոխարենը նա զեկույցը լցրել է շինծու փաստարկներով:
Իսկ այն հապճեպությունը, որով զեկուցողը իր մանդատի ավարտից առաջ ներկայացրել է զեկույցը, մատնում է, որ նրան հանգիստ չի տալիս նախանձը այն «փառք ու պատվի» հանդեպ, որին արժանացել է Ուոլթերը Բաքվում»,- ասել է Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում հերթական ամոթալի փաստն է արձանագրվել. առանց քննարկման առարկա հանդիսացող վայր այցելության Սարսանգի ջրամբարի մասին զեկույց է պատրաստվել եւ ընդունվել:





























