ԱՄՆ Իլինոյս Նահանգի Չիկագո քաղաքում նոյեմբերի 24-ին, հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նախորդ տարվա հոկտեմբերին սպիտակամորթ ոստիկանի կողմից սեւամորթ դեռահասի սպանության տեսանյութը, հաղորդում է USA Today-ը:

Պարբերականը նշում է, որ երթի մասնակիցների մեծամասնությունը սեւամորթներ են եղել, որոնք փակել են քաղաքի հիմնական պողոտաներից մեկի երթեւեկությունը եւ վանկարկել. «16 կրակոց»: Հենց այդքան կրակոց է արձակել ոստիկան Ջեյսոն Վան Դայքը 17-ամյա Լուկուանա ՄաքԴոնալդսի վրա: Ցուցարարները նաեւ վիրավորել են փողոցները փակող իրավապահներին:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների մասին տվյալներ դեռ չկան: Միաժամանակ, Չիկագոյի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդիկ ավելի ագրեսիվ վարք կդրսեւորեն, հաղորդում է Lenta-ն:

Ավելի վաղ նոյեմբերի 24-ին Չիկագոյի դատախազությունը Վան Դայքին սպանության մեղադրանք էր առաջադրել: Ոստիկանը հայտարարել է, որ ստիպված է եղել կրակ բացել, քանի որ դեռահասն իրեն սպառնացել է դանակով: Սակայն տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը վազում փողոցով: Նրան է մոտենում ոստիկանական մեքենան, որից դուրս են գալիս համազգեստով երկու մարդ: Նրանցից մեկը սկսում է կրակել, որից հետո դեռահասն ընկնում է, իսկ ոստիկանը շարունակում է կրակել արդեն ընկած տղայի վրա: