Օգոստոսի 16-ին Կիլիկիայի կաթողիկոսությունը նշել է Աստվածամոր Վերափոխման տոնը։ Այդ օրը Բիկֆայա (Լիբանան) քաղաքի ս. Մարիամ մենաստանում են հավաքվում մեծ թվով ուխտավորներ, իսկ ժամանել այնտեղ նրանք սկսում են օգոստոսի 13-ից, որպեսզի պատարագի ժամանակ մասնակցեն գիշերային ժամերգությանն ու հաղորդությանը։
Իր քարոզի ժամանակ նորին սրբություն Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ասել է հետևյալը. «Աստվածամոր Վերափոխման այս լուսավոր տոնին ես մեր երիտասարդության անունից իմ աղոթքն են ուղղում առ Աստված ու Աստվածամայր, որպեսզի նրանք մեզ հետ լինեն։ 2009 թվականը մենք հայտարարել ենք Երիտասարդության տարի, որպեսզի հիշեցնենք ինքներս մեզ, որ երիտասարդությունը մեր ներկան ու ապագան է, հետևաբար, մեզ հարկավոր է լսել ու պատասխանել նրան։ Այսօր մեր երիտասարդությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, իսկ մենք պետք է օգնենք նրան՝ գտնելու մեր եկեղեցու հոգևոր հիմքերն ու մեր հայկական արմատների մշակութային ավանդույթները։ Այսպիսով, Երիտասարդության տարին բոլորիս պետք է դրդի, որպեսզի աղոթենք ու խնդրենք Աստվածամորն ու մեր Աստծուն լինել մեր երիտասարդության հետ»։
Սուրբ հաղորդությունից հետո Արամ Առաջինը օրհնել է խաղողը։ Հայկական հնագույն ավանդույթի համաձայն, մարդիկ խաղող են ուտում միայն այն բանից հետո, երբ այն օրհնվում է Աստվածամոր Վերափոխման տոնին մատուցվող պատարագի ժամանակ։




























