Մեքսիկան «Իսլամական պետության» սպառնալիքների պատճառով որոշել է խստացնել անվտանգության միջոցառումները սահմաններին, դեսպանատներում, օդանավակայաններում եւ նավահանգիստներում։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի անվտանգության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ռենատո Սալես Էրեդիան։ Ավելի վաղ ԻՊ-ը տեսաուղերձ էր հրապարակել 60 երկրների հասցեին ուղղված սպառնալիքով, որոնց թվում էր նաեւ Մեքսիկան։

«Այդ խմբավորման սպառնալիքները գլոբալ եւ միջազգային մակարդակով իրատեսական են, այդ պատճառով մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, որոնք անհրաժեշտ են»,- ասել է Սալես Էրեդիան, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդ որում, նա նշել է, որ սպառնալիքների կապակցությամբ կոնկրետ տագնապ դեռեւս չկա։

Նշենք, որ անցյալ շաբաթ Մեքսիկայի իշխանություններն արդեն խստացրել էին անվտանգության միջոցառումները Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ։