Նավթի համաշխարհային գները տատանվում են ՕՊԵԿ անդամ երկրների նիստի ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.19 տոկոսով եւ կազմել 44.76 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի հունվարյան  մատակարարումները թանկացել են 0.18 տոկոսով եւ կազմել 41.79 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ասիական սակարկությունների ընթացքում շուկան կենտրոնացած է եղել ՕՊԵԿ  նախարարների հանդիպման վրա, որը կկայանա դեկտեմբերի 4-ին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ նիստում որոշում է կայացվելու նվազեցնել նավթի արդյունաբերության ծավալները, չնայած Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ինչպես ՕՊԵԿ անդամ նավթ արտահանողների, այնպես էլ դրանից դուրս, որպեսզի ապահովի «սեւ ոսկու» գների կայունությունը։

Համաձայն ՕՊԵԿ նոյեմբերյան զեկույցի՝ կազմակերպությունը պահպանել է 2015-2016թթ. նավի համաշխարհային պահանջարկի կանխատեսումները։ Այսպես՝ ընթացիկ տարվա հաշվարկով՝ աշխարհում նավթի պահանջարկը կաճի օրական 1.5 մլն բարելով եւ կկազմի 92.86 մլն բարել, իսկ 2016թ. կաճի 1.25 մլն բարելով եւ կկազմի օրական 94.11 մլն բարել։

Կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ՕՊԵԿ նավթի պահանջարկը, ինչպես նախորդ զեկույցում, կաճի 0.6 մլն բարելով եւ կկազմի օրական 29.6 մլն բարել։ 2016թ. ցուցանիշը կկազմի օրական 30.8 մլն բարել։