Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը եւ խնդրում է Պետդումայի խոսնակին եւ Դումայի 4 խմբակցություններին պաշտպանել փաստաթուղթը։ «Ռուսաստանի հայերի միությունը ամբողջովին աջակցում է այդ օրինագծի ընդունմանը։ Մենք կարծում ենք, որ այն բխում է ՌԴ անվտանգության ամրապնդման շահերից եւ  կոչ ենք անում պաշտպանել նման կարեւոր նախաձեռնությունը։

ՌԴ-ում նման օրենք ընդունելը լուրջ եւ համակարգային մեխանիզմ կստեղծի Հայոց ցեղասպանության պատմական փաստերի կեղծման եւ աղավաղման, մամուլում ապատեղեկատվության, լրագրողներին, բլոգերներին եւ ամենատարբեր «փորձագետներին» ու պետական ծառայողներին կաշառելու դեմ պայքարում, ինչը թույլ կտա չմոլորեցնել ՌԴ քաղաքացիներին եւ չպղծել մահացած մարդկանց հիշատակը։ Այն նաեւ իրական հիմք է ստեղծում Թուրքիայի կառավարության նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։

Ես շնորհակալ եմ Ռուսաստանին Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հետեւողական եւ օբյեկտիվ դիրքորոշման համար»,- ասված է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։

Օրինագծի համաձայն, եթե Ցեղասպանությունը հերքվում է հրապարակավ, ապա նման իրավախախտման համար նախատեսվում է մինչեւ 300 հազար ռուբլի կամ մինչեւ 2 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով տուգանք կամ մինչեւ 3 ժամկետով հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամկետով։

Եթե նույն հանցանքը կատարում է իր պաշտոնական դիրքը կամ լրատվամիջոցներն օգտագործող անձը, ապա տուգանքի չափը կազմում է 100 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի կամ 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով կամ մինչեւ 5 ժամկետով հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամկետով՝ զրկվելով  մինչեւ 3 տարի ժամկետով կոնկրետ գործունեություն ծավալելու իրավունքից։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի առաջնորդներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լեւիչեւը Պետդումայում Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիային պատասխանատվության կոչելու օրինագիծ էին ներկայացրել։