Հայաստանի սահմանամերձ շրջաններում կյանքն իր առանձնահատկություններն ունի: Դրանցից մեկը գյուղատնտեսական աշխատանքների անցկացման դժվարություններն են ադրբեջանական կողմից պարբերական գնդակոծության պայմաններում եւ ամբողջությամբ կամ մասամբ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում վարելի հողերի բացակայությունը: Նման համայնքները մի քանի տասնյակ են: Վերջերս Հայաստանի իշխանություններն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում գյուղացիների խնդիրներին` փոխհատուցելով գնդակոծության եւ բերքի կորստի հետեւանքով նրանց կրած վնասը: Այնուամենայնիվ, անհետաձգելի խնդիրները մնում են եւ լուծում են պահանջում:
NEWS.am-ի թղթակիցները եղել են Ադրբեջանի հետ սահմանակից մի քանի գյուղերում, տեղի ղեկավարության հետ զրուցել են գյուղերի խնդիրների մասին:
Կոթի գյուղը գտնվում է նախկին Նոյեմբերյանի շրջանի հյուսիսում, սահմանից մի կիլոմետր հեռավորության վրա: Գյուղի ծայրամասային տները դիրքերից գործնականում 500-600 մետր հեռավորության վրա են: Գյուղապետարանի քարտուղար Արայիկ Բեջանյանի խոսքով, այժմ իրավիճակը հանգիստ է, գյուղացիները կարող են հավաքել բերքը: Սակայն այստեղ, ինչպես եւ այլ սահմանամերձ գյուղերում, ստիպված են իրենց վտանգելով մշակել գյուղատնտեսական տարածքները:
Գյուղապետարանը տեղավորված է մի հին երկհարկանի տանը, որի երկրորդ հարկ բարձրանում են փայտե փոքրիկ աստիճանով: Իսկ շրջակա այգին ցնցում է իր գեղեցկությամբ. ամենուր աշնանային ծաղիկներով թմբեր են:
Այդ գեղեցկությանն ի հակադրություն, ապակու վրա կրակոցի հետք է: Սա հերթական գնդակոծության հետեւանքն է:
«Այս տարի չեն կարողացել հավաքել հացահատիկի մի մասը: Պետությունը խոստացել է փոխհատուցել վնասը», - պատմում է Արայիկ Բեջանյանը: Նրա խոսքով, գյուղացիների տներին գնդակոծությունների հասցրած վնասը փոխհատուցվել է:
Կոթիի բնակիչները հիմնականում զբաղված են հացահատիկի մշակությամբ, անասնաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ: Տնամերձ հողերը մրգատու այգիներ են: Գյուղի դպրոցը համեմատաբար ապահով է, սակայն նաեւ դպրոցի ուղղությամբ են կրակոցներ հնչել:
Վազաշեն գյուղը, որը գտնվում է Իջեւան-Բերդ ճանապարհին, ադրբեջանական կողմից ոտնձգությունների եւս մի թիրախ է: Մի քանի տարի առաջ, հիմնական ճանապարհի վրա փոխադրամիջոցների պարբերական գնդակոծությունների հետեւանքով նախաձեռնվել է շրջանցող` Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցումը` պաշտպանական ամուր պատով: Վազաշենի հատվածում Ադրբեջանի հետ սահմանի պարագիծը 18 կմ է: Գյուղի գործնականում բոլոր տները հնարավոր թիրախներ են:
Վազաշենի գյուղխորհրդի բակում հյուրերին դիմավորում է մի մեծ ֆլեգմատիկ շուն եւ ուղեկցում ալարկոտ հայացքով:
Գյուղխորհրդի շենքը բավականին նոր է, բայց արդեն գնդակոծությունների հետքեր է կրում:
Գյուղապետի տեղակալ Արտաշ Սարհադյանի խոսքով, մինչեւ հակամարտությունը գյուղը տալիս էր շրջանի խաղողի բերքի մոտ մեկ չորրորդը, ինչի համար էլ վերանվանվել էր Վազաշեն:
«Ժամանակին գյուղը շատ հող ուներ: Պատերազմից հետո ադրբեջանցիները խլեցին մեր հողերի 70 տոկոսը», - պատմում է Արտաշ Սարհադյանը: Նորահայտ տերերն իրենց տիրոջ պես չպահեցին, ավերեցին ու այրեցին այն ամենը, ինչ կարող էին, վնասեցին ոռոգման համակարգը: Հիմա գյուղի տարածքում մի քանի տասնյակ հեկտար վարելահող է մնացել, 100-150 հեկտար արոտավայր, մոտավորապես նույնքան էլ մարգագետին: Նրանք, ում հողերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ, վնասի հատուցում չեն ստացել: Միայն վերջին տարիներին է, որ կառավարությունը նրանց ազատել է հողահարկից:
Գյուղապետ Լորիկ Բադիրյանի աշխատասենյակի սեղանը «զարդարված է» ականանետի պայթած արկերի մնացորդներով: Նման մի քանի արկ էլ տների վրա է ընկել, բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել; Երեք հոգի վիրավորվել է: Տուժած գյուղացիների վնասը հատուցվել է:
Չնայած դժվար է, բայց գյուղի բնակիչները զանգվածաբար հեռանալ չեն պատրաստվում: Տարեսկզբից գյուղում 8 երեխա է ծնվել, այդ թվում` երկվորյակ տղաներ: «Փախչել չենք պատրաստվում, գյուղը լքել` եւս», - արձանագրում է գյուղի ղեկավարությունը:
Ճանապարհ ընկնելուց առաջ, գյուղապետը հյուրերին տեղական գինով լի պլաստմասսայե շիշ է տալիս եւ մի տոպրակ էկոլոգիապես մաքուր հոն:
Գյուղում տներն ամուր են, շատերը` երկհարկանի: Կան նաեւ փակված տներ. Տերերը ժամանակավորապես կամ էլ ընդմիշտ հեռացել են գյուղից:
Վազաշենի դպրոցը բլրակի վրա է, այնպես որ գնդակոծությունից պաշտպանվելու համար պատ կառուցելը գործնականում անիմաստ է: Արդյունքում չեն օգտագործվում հակառակորդի կողմն ընկած դասարանները: Ճիշտ է, երբ հակառակորդը գործարկում է ականանետերը, պատերն էլ չեն կարող փրկել:
Փոխտնօրեն Կարինե Դանիելյանի խոսքով, դպրոցում տարբեր տարիքի 75 երեխա է սովորում, կան 1-ինից 12-րդ դասարանները։ Դպրոցն ուսուցիչների անբավարարություն չի զգում։
Դպրոցում ամենամեծ խնդիրներից մեկը չաշխատող սանհանգույցն է: Զուգարանը դպրոցում է, բայց նախ բակը գնդակոծվում է, եւ հետո` վտանգավոր է երեխաներին թողնել գյուղական զուգարան:
Դպրոցը ջեռուցվոմ է փայտի վառարանով, հետեւաբար, անհնար է ջեռուցել ամբողջ տարածքը: «Մարզադահլիճը չենք կարող ջեռուցել, այնտեղ շատ ցուրտ է», - արձանագրում է Կարինե Դանիելյանը:
Գյուղում գազ կա, բայց դպրոցն ի վիճակի չէ գումար տրամադրել ջեռուցման համակարգ անցկացնելու համար:
Մարզադահլիճը մեծ է եւ լուսավոր, բայց, ինչպես ամբողջ դպրոցը, մարզադահլիճը եւս վերանորոգման կարիք ունի: Ճիշտ է, «Սպորտլանդիային» մասնակցելու համար հավաքված դպրոցականների տեսքն այն միտքն է հուշում, թե նրանք չեն նկատում ոչ թափված ծեփերով պատը, ոչ էլ անհարթ հատակը: Երեխաները մրցությամբ տարված հաղթահարում են խոչընդոտները, եւ հաշիվը պարբերաբար փոխվում է մեկ այս թիմի օգտին, մեկ` մյուս: Մարզադահլիճի պատերի տակ նստարաններին նստած են հանդիսատեսներն ու երկրպագուները:
Հրաժեշտից առաջ զրուցում եմ փոքրիկ տղայի հետ: Երկրորդ դասարանցի Նարեկն ուզում է շինարար դառնալ տներ կառուցելու համար, որ մարդիկ խաղաղության մեջ ապրեն:





























