Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը:

Պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության եւ այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից: Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրեւ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներին որեւէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը եւ այլն:

Նշվել է նաեւ, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության եւ միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչը եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունն են հրավիրել այն հան­գա­ման­քի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է: Կոչ է արվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել եւ արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազ­մա­կեր­պու­թյան ան­վան շահարկումներին եւ կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը: