«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի ներկայացուցիչները երկրորդ օրն է՝ Երեւանի Ազատության հրապարակում են գիշերում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, 18:00-ի հանրահավաքից հետո վրաններ կտեղադրի հրապարակի տարածքում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հերթական հանդիպմանը հայտարարեց «Ոտքի Հայաստանի» քաղխորհուրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Այսօր հանրահավաքից հետո տեղադրվելու ենք վրաններ: Մենք հրապարակայնորեն դիմում ենք Մշակույթի նախարարությանը, իսկ եթե Մշակույթի նախարարությունը թույլ չտա, մշակույթի հուշարձանի մոտ վրաններ տեղադրել, մենք ստիպված կլինենք վրաններ տեղադրել առանց թույլտվության»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հանրային փրկության ճակատի անդամները պատրաստ են Մշակույթի նախարարության հետ համաձայնության գալ, թե Ազատության հրապարակի որ հատվածում է կարելի վրաններ տեղադրել:
«Մենք չենք պատրաստվում վրանները տեղադրել Օպերայի շենքի վրա , այն պետք է տեղադրենք հարակից տարածքում: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ»նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այսօր «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին իրենց հետագա պայքարի եւ ծրագրերի մասին նոր բացահայտումներ են սպասվում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, որ եթե «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որոշի հավաքից հետո երթ անցկացնել, «Նոր Հայաստանը» կմիանա նրանց, եթե ոչ, «Նոր Հայաստանը» իր ուժերով երթ կանցկացնի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի աջակիիցները գիշերում են Ազատության հրապարակում: Ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս, սակայն վրաններ տեղադրել:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին 17:00-ին էլ նույն հրապարակում հրավիրված է ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական հանրահավաքը:





























