Ընտրատեղամասերի մոտ պետք է ստեղծել «Ազատության հրապարակներ»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով այն հիմնավորումները, որոնցով պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ տապալի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
«Քաղաքացիական դիրքորոշման հիմնակետերն են. իմացիր՝ դու ի զորու ես տապալել հանցավոր հանրաքվեն։ Երկրորդ, դուրս եկեք տներից։ Երրորդ՝ ընդվզեք ապօրինի գործողությունների դեմ։ Չորրորդ, ծաղրեք Ձեր վրա փաթաթված հանցավոր հանրաքվեն։ Հինգերորդ՝ գիտակցիր՝ իշխանությունը դու ես։ Հասկացրու կողքինիդ, որ այս հանրաքվեն հանցագործություն է։ Մի գնա, եթե կգնաս, պատռի, ոչնչացրու քվեաթերթիկը. Միջոցների ընտրությունը քոնն է»,- այս ուղերձն այսօր՝ դեկտեմբերի երեքին, լրագրողների հետ հանդիպմանն արեց Զարուհի Փոստանջյանը՝ հորդորելով երիտասարդներին առաջնորդել իրենց համայնքները։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ պետք է ինքնակառավարվեն, գրավեն հարթակներ, իսկ հրապարակները պետք է գործեն Հանրապետության բոլոր հրապարակներում. «Ունենք երկու հազարին մոտ ընտրատեղամաս, որոնց մոտ էլ պետք է հիմնվեն Ազատության հրապարակներ, որպեսզի հանրաքվեն չկեղծվի։ Ողջ ժողովրդի նպատակը պետք է լինի, որ տապալվի հանրաքվեն եւ անցկացվեն արտահերթ ընտրություններ»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին։





























