Բանակում ընդամենը երեք ամիս ծառայած` Լոռու մարզի Արևաշող համայնքի բնակիչ Վանիկ Մարտիրոսյանը սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջականան զինուժի կողմից իրականացված հրետակոծման ժամանակ ոտքից վիրավորվել էր, ինչի հետևանքով բժիշկներն ստիպված են եղել անդամահատել ոտքը: Վիրահատությունն իրականացվել է Երևանում:
Այժմ Վանիկը գտնվում է տանը՝ ընտանիքի անդամների հոգածության ներքո: Վանիկն ապրում է տատի, ծնողների, քրոջ ու եղբոր հետ: Ընտանիքի առաջին զավակն է, մյուսներն անչափահաս են:
Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, որն աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:
«Հայրն էր խոպան գնում, էն էլ որդու վիրավորվելուց հետո հետ է եկել, որդու կողքին է»,- ասում է Արևաշողի գյուղապետ Պերճ Պապիկյանը:
«Պրոթեզավորման համար դեռ շուտ է:Էսքան շուտ չեն դնի պրոթեզը, դեռ պետք է վերքը լավանա, նոր հետո կտեսնենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց զինվորի մայրը՝ Թերեզան:




























