Երեւանում դեկտեմբերի 4-ին ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում կայացել է «Մշակույթ եւ նախաձեռնություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  նշել է. «Մենք պետք է օգտագործենք մշակույթը «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների միջեւ տարբեր բացթողումները լրացնելու համար։ Կան զանգվածային մշակույթի զարգացման ավանդական միջոցներ։ Այսօր Հայաստանում մշակույթը զարգանում է հիմնականում ռուսաց լեզվի միջոցով։ Դա վատ չէ։ Մշակույթը պետք է ազատ  լինի քաղաքական օրակարգից։ Սա մշակույթը զարգացնելու ազատ մթնոլորտ է, սակայն դա հեշտ չէ, շատ երկրներում այդ մթնոլորտը չի ստեղծվել»,- ասել է դեսպանը։ Դիվանագետը նշել է, որ հայերը եվրոպական ժառանգության արժեքավոր մասն են կազմում եւ բարձր մշակույթի ներկայացուցիչներ են։ «Այս երկիր այցելած յուրաքանչյուր մարդ նշում է, որ հայերը սիրում եմ գրականություն, թատրոն, երաժշտություն։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում»,- նշել է Սվիտալսկին։

ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում «Մշակույթ եւ նախաձեռնություն» ծրագիրը մեկնարկել է 2015թ. Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում։ Ծրագրի տեւողությունը 3 տարի է, բյուջեն կկազմի 4.2 մլն եվրո։

Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքականության մշակմանն ու ուժեղացնել այդ ոլորտներում ներուժը։