9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում հայտարարեց սահմանադրական փոփությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը:
«Ես ինչ-որ տեղերից լսել էի, որ Հայկը բավական երկար ժամանակ է՝ հացադուլի մեջ է եւ երեկ Զարուհուն խնդրեցի, որ նրան գնա տեսակցության եւ իսկապես պարզվեց, որ նա արդեն 15 օր է՝ հացադուլ է անում: Մենք գիտենք, որ Հայկն առանց այն էլ հյուծված է եւ խնդրում ենք նրան դադարեցնել հացադուլը, քանի որ նա մեզ առողջ է հարկավոր»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Նա Վերաքննիչ բողոք է ներկայացրել:





























